ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը

ՍԴ դատավորներ առաջադրելու մասով հերթականության փոփոխություն կլինի. առաջին քայլը կանի կառավարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 80 կողմ ձայներով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։

Նշենք, որ քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն. ինչ են պահանջում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտնեց` ըստ նախագծի, պաշտոնավարումը դադարած ՍԴ երեք դատավորները` Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կենսաթոշակ կստանան` ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով։

«Բացի այդ, ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումների հերթականությունը կփոխվի` նախ առաջադրում կանի կառավարությունը, հետո՝ ՀՀ նախագահը, այնուհետև` դատավորների ընդհանուր ժողովը։ Եթե հերթականությունները պահպանվեն գործով կարգով`  նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, ապա օրենքով նախատեսված հենց այդ հաջորդականությունը չի պահպանվի»,–ասաց Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, թե հարցն այն է, որ վերջին շրջանում ընտրվել է երկու դատավոր` Արման Դիլանյանը, որն առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ինչպես նաև Վահե Գրիգորյանը, որն էլ ՀՀ նախագահի կողմից է առաջադրվել։ Այսինքն` օրենքով նախատեսված հաջորդականությունը պահպանելու համար էլ հիմա առաջին առաջադրումը կանի կառավարությունը։

Նա հավելեց, որ լուրեր են շրջանառվում` եթե այս փոփոխությունները չարվեն, ապա սահմանադրական բարեփոխումների մասին ԱԺ ընդունած նախագիծն ուժի մեջ չի լինի։ Գրիգորյանը հայտնեց, որ իրականում ԱԺ ընդունած նախագիծն արդեն իսկ ուժի մեջ է, և հիմա փոփոխություններ են արվում հենց սահմանադրական բարեփոխումների նախագծից ելնելով։

Ի դեպ, նախագիծը երկրորդ ընթերցման կդրվի այսօր։

ԲՀԿ–ն չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին

Հիշեցնենք, որ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում` հունիսի 27-ից սկսած։ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

Հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։