ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Համանախագահները կարևորել են խաղաղությանը նպաստող և բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումն ու պահպանումը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապի միջոցները՝ էսկալացիայից խուսափելու համար: Միաժամանակ, վկայակոչելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը, համանախագահները մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, սադրիչ հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։
Ինչի՞ մասին են խոսել Մնացականյանն ու Մամեդյարովը. ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել
«Համանախագահներն ընդգծել են, որ հակամարտության համար ռազմական լուծում չկա։ Նրանք կողմերին կոչ են արել հավելյալ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար։ Համանախագահները նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հսկողությամբ մոնիթորինգի վերսկսման հրատապ անհրաժեշտությունը, հենց որ պայմանները թույլ տան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Համանախագահներն ու երկու երկրների ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել ևս մեկ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և նաև հանդիպել անձամբ որքան հնարավոր է շուտ։
Հիշեցնենք՝ մայիսի կեսերին ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի էին ունենում առանց նախնական ծանուցման։ Հայկական կողմը կոչ էր արել դրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացրել էին, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։
Ղարաբաղի հարցում փուլայնությունը նորություն չէ․ 3 հիմնական հարց է քննարկվում