ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի երեք կին պատգամավորներից մեկի` պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է: Տեղեկությունը հաղորդում է սփյուռքահայերի hairenikweekly.com կայքը։
Կայքը գրում է, որ որպես Կանաչների միության անդամ` Ժաննա Բարսեղյանն իր առաջնային խնդիրը համարում է կլիմայական հարցերի լուծումն ու անհավասարության դեմ պայքարը։
Հիշեցնենք` այսօր ֆրանսիական ԶԼՄ–ները հրապարակեցին Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները։ Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի՝ հունիսի 28-ին։
39-ամյա Բարսեղյանը հավաքել է ընտրողների ձայների 42,5%-ը և առաջ է անցել իր մրցակիցներից՝ Ալեն Ֆոնտենալից (34,95%) ու Քեթրին Տրաուտմանից (23,33%)։
Մարտին ժաննա Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ էին անցել ևս երեք թեկնածու, մասնավորապես՝ Ալեն ֆոնտենալը` նախագահ Էմանուել Մակրոնի En Marche կուսակցությունից ու Կետրին Տրաուտմաննը` Սոցիալիստական կուսակցությունից։
Ի դեպ, մինչև առաջին փուլը Ֆոնտենալը ֆավորիտ էր համարվում, սակայն հետո Բարսեղյանն առաջ է անցել։
Ֆրանսիահայ Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու է