Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հույս ունի կոլեկտիվի հետ շարունակել հետագա աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 hունիսի — Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել բուհի ռեկտորի ընտրություններում։

Նույն իրավիճակում տարբեր լուծումներ. Հայրապետյանը ԿԳՄՍ-ին մեղադրում է հովանավորչության մեջ

«Պատրաստվում եմ մասնակցել ռեկտորի թափուր տեղի համար մրցույթին և դիմում եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա։

Գալոյանը նշել է, որ վստահ է՝ դեռ երկար է աշխատելու բուհի կոլեկտիվի հետ։

Նշենք, որ Գալոյանը 2013 թ. մինչև այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է:

2014 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի վարիչի պաշտոնում:

2018 թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման: 2018 թվականից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի միջազգային փորձագետ է (Ավստրիա):

Պանդեմիայից հետո Հայաստանում կընդլայնվի՞ հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը. ի՞նչ սպասել

2019թ. մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 2019թ. օգոստոսի 22-ին նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար:

Հեղինակ է շուրջ 57 գիտական հրապարակումների, այդ թվում 10 մենագրության, 5 ուսումնական ձեռնարկի: