Ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Երեկ սոցցանցում քննարկվում էր տեսանյութը, որտեղ մարդիկ առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների այցելել էին Սուրբ Հովհաննեսի մատուռ։ Տեսանյութը տարածել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` գրելով, թե խոսքերն ավելորդ են։
«Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում Ս. Հովհաննես մատուռի մոտակայքում արված տեսանյութի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ
Ոստիկանությունը կոչ է անում`զերծ մնալ մասսայական միջոցառումներից, դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի անվտանգության ռեժիմի պահմանման անհրաժեշտությունից ելնելով` մայիսի 30-ին ՀՀ ոստիկանությունը որոշում էր կայացրել արգելափակել Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում էր, որ թեև օրեր առաջ հայտարարություն է տարածել ու կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։
Ստիպված ենք գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Փաշինյան