ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Երևանի «Ձյունիկ սառնարան» ընկերությունում այսօր առավոտից բռնկված հրդեհը վերահսկելի է, բայց բարդ՝ հրշեջների համար: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԻՆ լրատվական վարչության պետ Էդմոն Զարգարյանը:
Նրա խոսքով` հրդեհն ընդգրկել է շենքի 3-րդ և 4-րդ հարկերը:
«Տեղում աշխատում են 8 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք: Հրդեհի օջախները շենքի 3-րդ և 4-րդ հարկերում են, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Բայց իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Զարգարյանը:
Նրա խոսքով` հրդեհաշիջման աշխատանքները հատկապես բարդացնում է այն հանգամանքը, որ այրվող հարկերում պատուհաններ չկան:
«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդե՞հ է բռնկել. հրշեջները դեպքի վայրում են
Հիշեցնենք` 2019թ.–ի օգոստոսի 19-ին, դարձյալ հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Այն մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։ Մասնագետների գնահատմամբ, նման բարդության հրդեհ Հայաստանում վերջին 15 տարում չէր գրանցվել:
Այսօր առավոտյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհի մասին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է 11։08-ին։
Դեպքի վայրում է գտնվում նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը