Հայաստանի կոռուպցիայի և թալանի մասին խոսում են Ալիևն ու Փաշինյանը. Սարգսյանի պատասխանը

Սերժ Սարգսյանն Ալիևին հավաստիացրել է, որ երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը։ Տեղեկությունը հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է»,–ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են

Նրա համար զավեշտն այն է, որԱդրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած «իր տխրահռչակ ելույթներում»` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:

«Բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից»,–ասված է պատասխանում:

Սերժ Սարգսյանի համար զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: «Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո»,–ասել է Սարգսյանը:

Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր

ՀՀ 3–րդ նախագահի խոսքով` եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, ապա Ալիևի անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

«Ալիևի լեզուն երկարել է ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին»,–ասել է Սարգսյանը: Նա նաև նշել է, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: