Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը

Ռուստամ Բադասյանը վստահեցնում է` օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել սահմանադրության փոփոխությունների գործողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի հայտարարությանը։

Ժամեր առաջ ՍԴ նախագահն ու երեք դատավորները հայտարարել էին, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է` մինչև 2015–ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005–ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Ըստ հայտարարության` օրենքի այդ նորմը չի վիճարկվել ՍԴ-ում և չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, իսկ ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարություն են տարածել

«Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Բադասյանը։

Նրա խոսքով` օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան 

Սա նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Facebook–ի իր էջում գրել էր, որ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները վաղվանից ուժի մեջ կմտնեն։