Օրվա ավարտին Ռուստամ Բադասյանը լավ լուր է հայտնել

Նախարարի խոսքով` ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածվելու է Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրվա ավարտին լավ լուր է հայտնել` երեխաների ծնունդների տեղում գրանցման գործընթացին կմիանան ևս չորս բուժկենտրոններ։

Երևանում 5.6 կգ քաշով «հսկա» է ծնվել

«Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևանում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում: Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Բադասյանը։

Նա հայտնել է, որ այսպիսով, երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Մասնավորապես, երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցում:

Նախարարի խոսքով` ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածվելու է Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:

Բոլորս՝ երեխա ունենալու. կառավարությունը ընտանիքներին կօգնի բնակարան ձեռք բերել

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը: