Կառավարությունը կաջակցի աշխատանքից զրկվածներին, բայց ոչ բոլորին

Կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումն ուղղված է աշխատանքից զրկված քաղաքացիներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը:

Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պետության աջակցությունից կօգտվեն այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանք են ունեցել, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

«Նախագծում կան բացառություններ: Ծրագրից չեն կարող օգտվել բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, ՀԿ-ների, հիմնադրամների, կուսակցությունների և այլ կազմակերպությունների աշխատակիցները»,- ասաց Բաթոյանը:

Աջակցությունից չեն կարող օգտվել նաև այն անձինք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:

Փաշինյանի աշխատակազմը պարտք է լրատվամիջոցներին, կամ փոխհատուցում ծառայության դիմաց

Աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության պաշտոնական տվյալներով՝ ապրիլին կիրառված տնտեսական գործունեության համատարած սահմանափակումների հետևանքով ՀՀ-ում շուրջ 70 000 աշխատատեղ է փակվել, իսկ մայիսին դրանցից վերաբացվել է միայն 50 000-ը:

«Արդյունքում մենք արձանագրեցինք, որ շուրջ 20 000 քաղաքացի կորոնավիրուսի այդ շրջանում աշխատանքը կորցրել է և նոր աշխատանք չի գտել»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ընդունած 22-րդ միջոցառումն ուղղված է հենց այս քաղաքացիներին:

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

Հիշեցնենք` կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներ է ընդունել, որոնց մի մասը սոցիալական բնույթ ունեն, մյուսը` տնտեսական։

Առավել տուժած ոլորտների 37 հազար աշխատակիցներ 2-րդ անգամ աջակցություն կստանան պետությունից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրերը վերաբերում էին ռեզիդենտ տնտեսվարողներին, գյուղատնտեսության ոլորտին, ՓՄՁ-ներին, աշխատակիցների և աշխատատեղերի պահպանմանը, միկրոձեռնարկատիրություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտին, «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցողներին։

Իսկ սոցիալական հետևանքները չեզոքացնող ծրագրերը վերաբերում էին մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չուներ աշխատանք, մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց, չաշխատող հղի կանանց, վարձու աշխատողներին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք զրկվել էին աշխատանքից, 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեին գրանցված աշխատանք, սոցիալապես անապահով ընտանիքներին, ուսանողներին։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն