ՀՀ–ում մասնագետները չեն հերիքում. կադրային բացը կլրացնեն անփորձ բժիշկներով

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների պակաս կա։ Նախարարությունը գտել է լուծումը. կարճատև վերապատրաստումից հետո անփորձ բժիշկներն աշխատանքի կանցնեն վերակենդանացման բաժանմունքներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի բուժհաստատություններում առաջացած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների պակասը լրացնելու համար ՀՀ կառավարությունը որոշել է համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող բժիշկ մասնագետներին ու ավարտական կուրսերում սովորող ուսանողներին կարճաժամկետ վերապատրաստումից հետո աշխատանքի ընդունել վերակենդանացման բաժանմունքներում:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Որոշումն այսօր միաձայն ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման: Որոշման նախագծից պարզ է դառնում, որ նոր անձնակազմն աշխատելու է թոքերի արհեստական շնչառության սարքերին միացված պացիենտների հետ:

«Տարբեր միջազգային տվյալներով` գրանցված դեպքերի 8.3-12 %-ը կազմում են բուժաշխատողները, ինչը բերում է բժշկական կազմակերպություններում կադրային բացով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ իրականացմանը»,- ասված է որոշման նախագծում:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների թիվը 502 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներինը՝ 113: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հիվանդ:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 771–ով և հասել 22 488–ի։