Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

ՀՀ երրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանին տեսակցել է վերջինիս ազատ արձակվելուց երկու օր անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

«Նախագահները հանդիպել են Քոչարյանի ազատ արձակվելուց երկու օր հետո», - ասաց Հարությունյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, միայն նշեց, որ այցելությունն անձնական բնույթ է կրել։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ հանդիպումը կայացել է հունիսի 22-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը․ Վիկտոր Սողոմոնյանը` նրա ինքնազգացողության մասին

Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։

«Տանը». Ռոբերտ Քոչարյանի տեսքն ուրախացրել է հետևորդներին. լուսանկար

Հունիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրեցին, որ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։