ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործությունը պետության վրա 3-4 անգամ ավելի թանկ է նստել: ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է հիմնադրամի 2015 – 2017թթ.-ի գործունեությունն ու պարզել, որ բարեգործական նպատակներով գնված շատ ապրանքների դիմաց հիմնադրամը դրանց իրական արժեքից մինչև 380 % ավել գին է վճարել:
Խոսքն անապահով ընտանիքների համար կառուցված տների, բնակարանների, կառուցված ու վերակառուցված մանկապարտեզների ու դրանց համար ձեռք բերված կենցաղային տեխնիկայի մասին է:
Ընդ որում, այս ամենը ձեռք է բերվել առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով ու բացառապես «ՀԱՏՄ» ՍՊԸ-ից, որի հիմնադիրն, ի դեպ, ԱՄՆ-ի ՀՀ օգնության հիմնադրամն է:
Այս ընկերությունն արտադրող չի հանդիսանում, այլ հանդես է եկել որպես միջնորդ: Արդյունքում իր գնած 11 103 դրամանոց աթոռը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է վաճառել 29 360 դրամով, 12 609 դրամանոց աթոռները՝ 35 160 դրամով, իսկ 18 168 դրամանոցները՝ 58 418 դրամով:
Դե, իսկ անապահով ընտանիքների համար գնված բարեգործական կենցաղային ամբողջ տեխնիկան «ՀԱՏՄ» ՍՊԸ-ն գնել է 23 609 100 դրամով, բայց հիմնադրամին վաճառել 39 996 800-ով, այսինքն` ավելի քան 16 մլն դրամով ավելի թանկ:
Ըստ Հաշվեքննիչ պալատի` 2015-17թթ-ին ՀՀՀ-ն այս ընկերության հետ 50 պայմանագիր է կնքել՝ վճարելով շուրջ 919.5 մլն դրամ:
Ճանապարհաշինական ծրագրերի վրա ևս ՀՀՀ-ն բավական շռայլ ծախսեր է արել: Օրինակ՝ 2015թ-ին բիտումի գնման 2.9 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Մերիան Գրուպ» ընկերության հետ: Գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի ու իրական շուկայական գների ուսումնասիրման արդյունքում Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ այդ ընկերությանն իրականում 66.5 մլն դրամ ավել գումար է վճարվել: Բացի այդ, ընկերությունը մրցութային առաջարկում խոստացել է բիտումը ներկրել ՌԴ-ից, բայց դրա մի մասը բերել է ԻԻՀ-ից:
ՊԵԿ-ից ստացված տեղեկությամբ էլ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում այլ ընկերություններ ՌԴ-ից բիտումը Հայաստան են ներմուծել 1 տոննան 135 000 դրամով, իսկ «Մերիան Գրուպն» այն հիմնադրամին է մատակարարել 195 000 դրամով:
Բացի այդ, պայմանագրով նախատեսված 1.759 տոննան ընդհանրապես չի մատակարարավել, բայց ո՛չ պայմանագրում է փոփոխություն կատարվել, ո՛չ էլ տույժ-տուգանք է վճարվել պայմանագիրը խախտելու համար:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի համար մազութի գնման պայմանագրում ևս չարաշահումներ են բացահայտվել: Այս դեպքում այն կնքվել է «Բարսել» և «Դորոժնիկ» ՍՊԸ-ների հետ:
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին
Նախատեսված մազութից 575.1 տոննա պակաս է ներմուծվել, իսկ 145 000 դրամով ԻԻՀ-ից Հայաստան ներմուծվող մազութը ՀՀՀ-ին է վաճառվել 176.200 դրամով:
Էլ ավելի ուշագրավ են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների հետևանքները:
Հաշվեքննիչ պալատի հաշվարկներով` միջոցառումների ընթացքում օգտագործված` հիմնադրամին պատկանող 120.3 մլն դրամի գույք հիմնադրամին չի վերադարձվել: Համենայն դեպս, միջոցառումների ավարտին դրանք չեն հաշվառվել ու ՀՀՀ պահեստ մուտք չեն արվել:
Հաշվետվություններում նշվել է, որ ասուլիսների կազմակերպման, գովազդների վրա հիմնադրամը 15 մլն դրամ կանխիկ գումար է ծախսել, բայց այդ գումարը փաստացի չի արձանագրվել:
Չեն արձանագրվել նաև Հայաստանում ու արտերկրում կազմակերպված համերգների տոմսերի վաճառքից ստացված գումարները: Դրանք ո՛չ հիմնադրամի բյուջե, ո՛չ պետական բյուջե մուտք չեն արվել:
Այսպես, օրինակ, միայն «Սպի» ֆիլմի ցուցադրության եկամուտը կազմել է 140 200 դոլար: Դրա 50 %-ն, ըստ պայմանագրի, պետք է ստանար հիմնադրամը: Բայց գումարի ճակատագիրն անհայտ է: Դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՊ-ին չի հաջողվել գտնել:
Փոխարենը գտնվել են այլ փաստաթղթեր: Օրինակ՝ միջոցառումների ժաանակ օգտագործվող ուղեփակոցները «Հայաստան» ՀՀ-ն վարձակալել է Գերմանիայում գրանցված ինչ-որ կազմակերպությունից՝ արդյունքում վճարելով 10 902 800 դրամ ավելի, քան, եթե վարձակալեր հայաստանյան ընկերություններից:
Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը. տեսանյութ
ՀՊ-ի բացահայտած այս ու մի շարք այլ ուշագրավ փաստեր ՀՊ նախագահն առաջիկայում կներկայացնի ԱԺ-ի քննարկմանը:
Հունիսի 24-ին նշանակված ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որի ժամանակ ներկայացվելու են նաև այս ուսումնասիրության արդյունքում բացահայտված նյութերը:
Իսկ մինչ այդ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության ընթացքում հայտնաբերված չարաշահումները Հաշվեքննիչ պալատն արդեն տրամադրել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Դրանք կցվել են հիմնադրամի նկատմամբ արդեն իսկ հարուցված ու նախաքննության փուլում գտնվող քրեական գործին: