ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Սահմանադրական դատարանում փոփոխություններ կատարելու այս ողջ գործընթացը միտում ունի թույլ չտալ, որ ՍԴ–ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացնի։ Լրագրողների հետ զրույցում, Քոչարյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` անդրադառնալով երեկ ԱԺ ընդունած` ՍԴ–ում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Հայտնել էինք, որ ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում 89 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին։
«Իմ խորին համոզմամբ` այս ամբողջը ձեռնարկվել է, որ թույլ չտան ՍԴ–ն Քոչարյանի գործով որոշում կայացնի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեկին ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ նման ոտնձգություններ են տեղի ունենում»,–ասաց Ալումյանը։
Չորս հայտնի գործարար. ովքեր են վճարել Քոչարյանի ազատության համար անհրաժեշտ գրավը
Հարցին, թե ստացվում է` Քոչարյանի համա՞ր է ՍԴ այս փոփոխություններն ԱԺ–ն անում` Ալումյանը պատասխանեց, որ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի մինչև Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելը, ՍԴ–ն որպես այդպիսին գոյություն չունենա։ Քոչարյանի պաշտպանը վստահ է` ամեն ինչ արվում է, որպեսզի մինչև հուլիսի 7-ը` ՍԴ–ում Քոչարյանի դիմումի քննության օրը, արդեն իսկ ՍԴ–ն չկարողանա նիստ անել։ Այնինչ, ըստ Ալումյանի, Սահմանադրական դատարանի որոշումը Քոչարյանի գործով կարող է ազդեցություն ունենալ գործընթացի վրա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։