Որակապես նոր քայլ է. ԱԳ փոխնախարարը` Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման մասին

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացված Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մեկնաբանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման փաստը։ Տեղեկությունը հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այսօր Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանն ընդունել է Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր Հայաստանի կողմից։

«Սա հանդիսանում է միջազգային օրակարգի, Հայաստանի կառավարության կարևոր հանձնառություններից մեկը, որը պարբերաբար՝ արդեն շուրջ 20 տարի, մենք ներկայացնում ենք միջազգային հանրության ուշադրությանը։ Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, և նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարևորության մասին, որ միջազգային հանրությունը հատկացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին»,–ասել է Ապիտոնյանը։

Նրա խոսքով` բանաձևը ևս մեկ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քանի որ ընդունված փաստ է, որ դրանք ունենում են էթնիկ, կրոնական և այլ բաղադրիչ, հետագայում կարող են հանգեցնել ցեղասպանությունների։

Թուրքիայի հեղինակությունն ընկնում է. ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության հարցը

Հայաստանի ներկայացրած բանաձևում այս տարի բազմաթիվ նորամուծություններ են արվել, այդ թվում՝ շեշտվում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում քաղաքացիական հասարակության կարևորագույն դերը։ Հատուկ շեշտադրվում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման դերը։

Այս տարի ներդրված մեկ այլ նորամուծություն է հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանման կարևորությունը։

Ներկայացվում է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։

Այս բանաձևը, ըստ Արտակ Ապիտոնյանի, որակապես նոր քայլ է, և բերում է բազմաթիվ նոր բաղադրիչներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ուժեղացնելու համար։

«Պետք է կանխվեն ռիսկերը` նոր ցեղասպանությունների ականատես չլինելու համար». Մնացականյան