Ինչպես է հայկական զորախումբը պատրաստվում Մոսկվայի զորահանդեսին. տեսանյութ

Զորահանդեսին երկու օր է մնացել։ Հայաստանից մեկնած զինվորականները մարզումներ են անցկացնում այգում։
Sputnik

Համացանցում նոր տեսանյութ է հրապարակվել, որում երևում են Հայաստանից Ռուսաստան մեկնած զինվորականները։ Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Աբո Մելքոնյանը և գրել. «Մարզումների շարքից»։

Հայկական զորախումբը հայոց եռագույնով քայլերթով անցնում է Մոսկվայի փողոցներով. տեսանյութ

Ավելի վաղ հաղորդել էինք՝ Հայրենական մեծ պատերազմի 75-րդ ամյակին նվիրված շքերթին Հայաստանը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել՝ ափսոսանքով հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Փաշինյանը նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Ուստի որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք այցից, ինչն արդեն իսկ մանրամասն քննարկվել և համաձայնեցվել էր ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերի միջև։ Վարչապետի խոսքով` իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին:

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև շքերթի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները: