ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան և վաստակավոր շինարար Լևոն Մանուկյանը մահացել է 97 տարեկանում Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, փոխանցում է բուլղարական Uincon պարբերականը։
«Բուրգասը հիշում է իր մեծ հեղինակությանը՝ Լևոն Մանուկյանին»,-գրում է պարբերականը։ Բայց խոսքը «հեղինակությունների» մասին չէ՝ այդ բառի ներկայիս, աղավաղված իմաստով, այլ իրական հեղինակության, որին հարգում էր ամբողջ քաղաքը։
Մանուկյանը ծնվել էր Ռոդոստո քաղաքում, փախստական հայերի ընտանիքում։ Ժամանակին այս քաղաքում ապրում էին հայեր, բուլղարացիներ և հույներ։ Հիմա այնտեղ միայն թուրքեր են ապրում, իսկ քաղաքը կոչվում է Թեքիրդագ, գտնվում է ներկայիս Թուրքիայի եվրոպական մասում։
Լևոնը ունևոր ընտանիքից էր, բայց նրա հարազատները ստիպված են եղել թողնել ամեն ինչ։ Նրա պապը դարբին էր և նոր վայրում՝ Բուլղարիայում, նա առավոտից երեկո աշխատում էր ընտանիքը կերակրելու համար։
1941 թ․-ի ապրիլին սկսվեց Հարավսլավիայի օկուպացիան։ Բուլղարիայի ղեկավարությունը, որը դաշնակից էր Հիտլերին, իր ժողովրդին ներքաշեց զավթողական պատերազմի մեջ և օկուպացրեց Մակեդոնիան։ Լևոնը գնդերից մեկում կապավոր էր։
Երբ Կարմիր Բանակն ազատագրեց Բուլղարիան, նա բուլղարական զորքի հետ միասին մասնակցեց Հարավսլավիայի ազատագրմանը։
Պատերազմից հետո նա ողջ կյանքը նվիրեց խաղաղության կառուցմանը և դարձավ շինարար։ Մանուկյանը մասնացել է Սև ծովի ափին գտնվող «Արևային ափ» հանգստյան համալիրի կառուցմանը, որը հայտնի էր ոչ միայն Բուլղարիայում, այլ նաև ողջ Խորհրդային Միությունում, ինչպես նաև այլ սոցիալիստական երկրներում։ Նա մասնակցել է նաև ջրատար գծի կառուցմանը, որի շնորհիվ Բուրգասի բնակիչները մինչև օրս թարմ ջուր են խմում։
Պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը 97 տարեկան է. Ալեքսեյ Սանդիկովը շնորհավորել է նրան
Արդեն պատկառելի տարիքում Լևոնը մասնակցել է Բուրգասի հայկական եկեղեցու վերականգնմանը, որի գմբեթին նոր խաչ է տեղադրվել։
Լևոն Մանուկյանն ամուսնացած էր Թագուհի անունով հայուհու հետ, որը նույնպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքից էր։ Հայրենիքում նրա ծնողները ֆրանսիական դպրոց էին գնացել, իսկ հետո երազել, որ իրենց դուստրը վարժարանում սովորի։ Նրանց երազանքն իրականացավ՝ Թագուհին ավարտեց վարժարանը և դարձավ ուսուցչուհի։
Բուրգասի հայերը և ոչ միայն հայերը՝ Մանուկյանին բոլորն են հիշում ջերմությամբ ու հարգանքով։