ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարսգյանը նշեց, որ բավականին ծավալուն որոշում է, որին ծանոթանալուց հետո դիրքորոշում կարտահայտեն, չի բացառվում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնեն՝ կապված որոշման բովանդակության հետ։
«Այս պահին դատարանը երկու հարց է որոշում՝ կա'մ բավարարել, կա'մ մերժել։ Կարող է հիմնավոր կասկածի մասով հաստատված լինել, կամ հերքված լինել հիմքերի մասով, այսինքն՝ որոշ մասով կարող է բողոքարկման անհրաժեշտություն լինի»,- ասաց Սարգսյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով` այս պահին ամենակարևոր փաստն այն է, որ ԱԱԾ միջնորդությունը մերժված է։
Պաշտպանը ուրախությամբ արձանագրեց, որ դատարանն իր մեջ կարողացավ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական գործընթացից։ Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ քաղաքական գործընթացի վերջին կետը պետք է դառնար դատարանը, ինչը, փաստաբանի բնորոշմամբ, խայտառակություն կլիներ իրավական պետության համար։
«Այն պահից, երեբ առաջին նիստը սկսվեց, վստահ էի, որ կալանավորումը լինելու է, որովհետև ընթացող գործընթացներն այդպիսին էին։ Բայց դատաքննության ընթացքում, երբ մեր փաստարկները ներկայացրեցինք և ակնհայտ էր, որ դրանց համար հիմնավորում հակափաստարկներ չեն ներկայացվում, այս առումով որոշակի վստահություն ծագեց, որ հնարավոր է՝ դատարանն այսքան անօրինականությունների տեղիք չտա և ի վերջո ուժ գտնի օրինական որոշում կայացնելու»,- նշեց Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը վստահ է, որ ՀՀ դատախազությունը բողոքարկելու է որոշումը։
Սարգսյանն ընդգծում է՝ այս քրեական գործն ի սկզբանե ապօրինի է քննվում, որովհետև ԱԱԾ-ն ընդհանրապես իրավունք չունի այս գործը քննելու։
«Անկախ նրանից՝ քննիչ են, թե ոչ, սա հավասարազոր է, որ մեզանից ցանկացածն այս գործը քննի, որովհետև իրենք իրավասու չեն այն քննելու»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ գործը պետք է քննեին Հատուկ քննչական ծառայության քննիչները։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը քրեական գործի ամբողջ շղթան, բոլոր փաստաթղթերը դարձնում է անօրինական և անթույլատրելի։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը վճռեց մերժել միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը դատարանից հեռացավ առանց լրագրողների հետ խոսելու, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով բոլոր հարցերով դիմել փաստաբաններին։
Ժողովրդին թյուրիմացության մեջ են քցում, հների հետ են կապում. Ծառուկյանը դատարան եկավ
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։
Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:
Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս:
Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Դատարանում և ԱԺ-ում ձևակերպված արարքները խիստ տարբերվում են. Ծառուկյանի պաշտպան
Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:
Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։