ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը, որը նրանց մեծ մասը կանցկացնի հիվանդների կողքին։
Բուժաշխատողների մասնագիտական տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում:
«Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի համար պայքարը: Եվ, ցավոք, երբեմն այդ կռվում հաղթել չի ստացվում: Իհարկե գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են պացիենտների հուսավառ աչքերը և ապաքինումը»,- գրել է նախարարն ու հավելել, որ արդեն մոտ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին:
Նախարարը հիշեցնրել է՝ թեպետ բուժաշխատողներից շատերը հիվանդացել են, բայց նույնիսկ դա նրանց չի կանգնեցրել։ Առողջանալուց հետո նրանք վերադարձել են աշխատանքի ավելի մարտունակ: Թորոսյանը ցավով նշում է՝ նաև կորուստ ենք ունեցել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 560–ով և դարձել 20 268
«Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն»,- հավելել է նախարար Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին նրանց կատարած աշխատանքի համար, մաղթել քաջառողջություն։
Նշենք, որ բուժաշխատողներին այսօր շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։