Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք. Փաշինյանը շնորհավորել է բուժաշխատողներին

ՀՀ կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, բուժաշխատողների համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այս տարի Բուժաշխատողի մասնագիտական տոնը նշվում է դժվարին իրավիճակում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բուժաշխատողներին տոնի առիթով՝ ընդգծելով, որ առանց չափազանցության՝ նրանք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն են։

Կորոնավիրուսից մահվան ևս 19 դեպք Հայաստանում. ամենաերիտասարդը 48 տարեկան կին է

«Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Բժշկի մասնագիտությունը կոչում է, նվիրվածություն, պատիվ ու պատասխանատվություն, և այս ծանր օրերին ձեր անձնուրացությամբ, զօրուգիշեր անտրտունջ աշխատանքով դուք հավատարիմ եք այդ բարձր առաքելությանը»,- իր շնորհավորական ուղերձում նշել է վարչապետն Փաշինյանն ու հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն հայտնել նրանց այս պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, բուժաշխատողների համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար:

Օգտվելով առիթից՝ վարչապետը դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Նա շեշտել է, որ այսօր մեր առողջապահական համակարգը հրաշքներ է գործում, և բոլորս պետք է աջակցենք նրան մեր անհատական վարքագծով, հակահամաճարակային կանոնները պահպանելու մեր կարգապահությամբ:

«Բազմիցս եմ ասել և շարունակում եմ կրկնել՝ անհատական ջանքը մեր պետականության զարգացման, մեր ժողովրդի հզորացման, մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևն է, և հենց այս գիտակցումով կատարվող արդյունավետ աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել թե՛ համաճարակային ճգնաժամը, թե՛ մեր առջև ծառացած մյուս մարտահրավերները: Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծով կարող ենք թեթևացնել մեր բժիշկների ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց ընտանիքներ»,- ասել է վարչապետ Փաշինյանն ու բուժաշխատողներին և նրանց ընտանիքներին մաղթել քաջառողջություն, համբերություն, անսպառ եռանդ, սեր ու երջանկություն:

Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ այս պայքարում հաղթանակելու ենք համատեղ ջանքերի արդյունքում: «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով և խոնարհվում եմ ձեր առաջ»,- եզրափակել է շնորհավորական ուղերձը վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Հայաստանի բուժաշխատողները շնորհավորանքներ են ստանում։ Մասնագիտական տոնի առիթով արդեն շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։