Հայաստանի կառավարությունը գիտակցում է փախստականների արժեքն ու ներուժը. Մնացականյան

Տեղական ինտեգրման գործընթացում Հայաստանի փախստականներն առաջընթացի բացառիկ կարողություններ են ցուցաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսաուղերձ է հղել։ Նա ասել է, որ Հայաստանը հյուրընկալում է նշանակալի թվով փախստականների և ապահովում նրանց հասանելիությունը այն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքներին, որոնցից օգտվում են իր քաղաքացիները:

COVID-19-ի բռնկումից հետո բաքվեցի փախստականի ընտանիքը հայտնվել է փողոցում

«Սիրիայում հակամարտության արդյունքում մոտ 22 000 տեղահանված անձ ապաստան է գտել Հայաստանում։ Տեղահանության այս նոր ալիքը համալրում է այն բոլոր նմանատիպ մարտահրավերները, որոնց Հայաստանն արդեն առերեսվել էր Ադրբեջանից հարյուր հազարավոր և ոչ այդքան վաղ անցյալում Իրաքից հազարավոր տեղահանված փախստականներին ընդունելու և ինտեգրելու գործընթացում»,–իր ուղերձում ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունը գիտակցում է փախստականների և տեղահանված անձանց արժեքն ու ներուժը, նրանց ինտեգրման ուժը և ներդրումը երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Տեղական ինտեգրման գործընթացում Հայաստանի փախստականներն ի ցույց են դրել ինքնավստահության և առաջընթացի բացառիկ կարողություններ։ Որպես ներկա մարտահրավերներին առնչվող մեկ օրինակ՝ սիրիահայ կանայք արտադրում են դիմակներ և օգնում կառավարությանը պայքարել COVID-19 դեմ։

1400 միայնակ տարեցներ, սիրիահայ փախստականներ օգնություն կստանան. ՀՄՏԿ

Մնացականյանը հիշեցրել է, որ աշխարհահռչակ ֆրանսիահայ և համաշխարհային հումանիստ Շարլ Ազնավուրը մեկ անգամ դիտարկում է արել` ասելով, որ այն ամենը, ինչ կատարվում է փախստականների հետ, շատ խորն ազդեցություն է թողել իր վրա.

«Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այդ իրավիճակում, երբ նրանք լքեցին իրենց տունը և եկան Ֆրանսիա։ Ահա թե ինչու ես միշտ կլինեմ այն մարդկանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք»։

Հիշեցնենք, որ Հայաստանը միացել է 1951–ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային։

10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը