Վլադիմիր Գասպարյանին, Լևոն Երանոսյանին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կատարած հանցագործությունների դեպքերը։ Պետությանը պատճառած շուրջ 114 մլն դրամ վնասից 64 մլն–ը վերականգնվել է, վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը». Վլադիմիր Գասպարյանը մտահոգված է

Քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության (2007թ.-ից` ռազմական ոստիկանության) վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է`ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 դրամ, որից 21.691.481-ը` Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին:

Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:

Խոշոր գործարարները պատրաստ են վճարել Քոչարյանի գրավի համար. Սողոմոնյան

Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ-ի ընթացքում յուրացրել է 2.762.275 ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում կամ վատնում) 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (пաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահում) 2-րդ մասով:

Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Աթանեսյան. «Մանիպուլյացիա է` իբր Ալեքսանդր Սարգսյանը հատուցել է Վլադիմիր Գասպարյանի վնասը»

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաև շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում:

Վերը նշված, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Որքա՞ն արժեն Քոչարյանի որդու և դստեր բնակարանները. դրանք կարող են գրավի առարկա դառնալ