Ծառուկյանի կալանքի հարցով նիստը շարունակվում է. նրան հորդորեցին դատարան մտնելիս դիմակ դնել

Նիստից րոպեներ առաջ դատարան ժամանեց Գագիկ Ծառուկյանը: Նրան ողջունեցին դատարանի շենքի բակում հավաքված ԲՀԿ անդամները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը շարունակվում է: Այն այսօր մեկնարկեց առավոտյան 10: 30-ին: Նիստից րոպեներ առաջ դատարան ժամանեց Գագիկ Ծառուկյանը:

«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա, տեղին չէ». Մարգարյան

Նրան դատարանի շենքի բակում ողջունեցին ԲՀԿ անդամները:

Մինչ դատարանի շենք մուտք գործելը ոստիկանները Ծառուկյանին հորդորեցին դիմակ դնել, ինչը նա արեց ու ներս մտավ:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու` նախաքննական մարմնի միջնորդությունը: Նիստերն ընթանում են դռնփակ ռեժիմով: ԲՀԿ–ական պատգամավորները դատական ողջ պրոցեսի ընթացքում իրենց առաջնորդին սպասում են դատարանի բակում:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Բոլոր քրեական գործերով նախաքննույունը շարունակվում է:

Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից