ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի սահմանած մի շարք նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը և այլն: Տեղեկությունը հայտնում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում այս անգամ էլ Արմավիր քաղաքն է եղել։ Առավել խստացված ու թիրախային ստուգումներ են իրականացվել հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում: Պարետի որոշումների խախտումների նվազումները տեսանելի են մարզում, հատկապես, Արմավիր քաղաքում։
«Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ»,- նշված է տեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել գյուղատնտեսական շուկաներում
Այնուամենայնիվ, մի շարք տնտեսվարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են, որոնք հիմնականում կապված են գրանցամատյանների թերի լրացման հետ:
Հավելենք, որ ՍԱՏՄ մասնագետները ստուգայցեր են կատարել հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Հայտնաբերված թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը մի քանի անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը հունիսի 12–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Տեսչական մարմինները մշտադիտարկումներ ու ստուգայցեր են կատարում, հայտնաբերված խախտումները ներկայացնում պարետատուն, որտեղ էլ որոշվում են պատժամիջոցները։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել