Ավինյանը նորություն ունի. Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ նոր որոշում է կայացվել

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը կդարձնեն ամբողջական ու ավելի լավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում մի շարք դրական փոփոխություններ են կատարվել կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում նշել է, որ որոշվել է հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում։

Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին

Վերարժևորվելու են շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

«Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի, ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,- գրում է Տիգրան Ավինյանն ու հավելում, թե այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը կդարձնեն ամբողջական ու ավելի լավը։

Գործադիրը Ֆիրդուսի թաղամասում կառուցապատումը թույլատրել է օրենքի խախտմամբ. Սարգսյան

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին:Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Ֆիրդուսի թաղամասի ոդիսականը. ի՞նչն է խանգարում թաղամասի շինարարությանը արդեն 10 տարի