ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Սարգսյանը գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մամինը:
Նա անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին` ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն
Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա:
Նշենք, որ Դոնալդ Տուսկը գրառում է արել Tvitter-ում։
«ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,– գրել է նա։
Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև ԵԺԿ ղեկավար կազմի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրանեսթի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ:
Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրադարձությունների կենտրոնում է հայտնվել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը։ Երեկ ԱԺ–ն որոշեց Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: