ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արմենուհի Մխոյան. «Գյումրի» Բժշկական կենտրոնում 2 օր առաջ մահացած 66-ամյա կնոջ հարազատները զայրացած են: Այն տեղեկությունը, թե կնոջն առաջարկվել է 2 անգամ թեստավորվել ու 2 անգամ էլ թեստավորումից հրաժարվել են` այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք ու լկտի սուտ են որակում:
Կատարվածի իրենց տարբերակը Sputnik Արմենիային անձամբ ներկայացրեց մահացած կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը: Ըստ վերջինիս, չի եղել գրավոր հրաժարվելու փաստ, այնպես ինչպես ներկայացվում է պոլիկլինիկայից: Ի դեպ, «Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա: «Բժշկուհին բավական փորձառու է ու ինքն իր գլխից չէր թռնի և առանց այդ ստորագրության չէր թողնի գնան։ Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ: Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա էլ կանենք»,–ասաց Վարձելյանը:
Ի պատասխան այս պնդման Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսային խոսակցության ժամանակ է դրա մասին ասվել:
Կնոջ հարազատները դեպքերի այսպիսի ընթացք են ներկայացնում. երեքշաբթի զանգել են պոլիկլինիկա, ասել են, թե ինչ խնդիրներ ունի հիվանդը (մրսածություն է ունեցել և ջերմություն)։ Դա շատ լավ իմանալով` բուժքույրն ասել է` ինձ հարմար չի, հինգշաբթի եկեք, հինգշաբթի (հունիսի 11-ին) ևս տեղում չի եղել, բայց ստուգել են թոքերը: Նույնիսկ չեն առաջարկել թեստավորել այն դեպքում, երբ հիվանդը ջերմություն է ունեցել: Հետո բժշկուհին զանգել ասել է ռենտգենի պատասխանները` թոքաբորբ ունի։ Բայց նա նույնիսկ չի ասել, որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա, հարազատներն էլ մտածել են, որ նորից թոքաբորբ է, ինչպես մի անգամ էլ է եղել։ Բժշկուհին ուղղակի զրույցի ընթացքում առաջարկել է թեստ հանձնել, ամուսնու` տանը մնալու առաջարկին դեմ չի եղել, նշանակել է տնային բուժում, շաբաթ -կիրակի հեռախոսի միջոցով կապ են պահպանել անձամբ բժիշկի հետ, ունեցել են նաև տնային բուժքույր։ Ամուսնուն ասել են` հենց վատ լինի, մեզ ասեք, թեստ կհանձնենք։ Ըստ ամուսնու, կինն ինքը սկզբում չի ուզել տեղափոխվել հիվանդանոց ասում է՝ վախենում էր հիվանդանոցում տիրող վիճակից:
Կորոնավիրուսից մահացել են 7 պացիենտ. ամենաերիտասարդը 62–ամյա մի տղամարդ է
Երկուշաբթի արդեն կնոջ վիճակը վատացել է, ամուսինը շտապօգնությանը խնդրել է տանեն ինֆեկցիոն հիվանդանոց, որին պատասխանել են, որ իրավունք չունեն և հիվանդին տարել են «Գյումրի» կենտրոն: Ի դեպ, հարազատները նշում են՝ կնոջ մահից հետո պոլիկլինիկայից զանգել ու խնդրել են` գան, անկետայի մեջ հետին թվով ստորագրեն, թե հրաժարվել են, իրենք չեն արել:
«Ես իմ վշտի մեջ տեսնում եմ, թե ինչ ստեր են խոսել, պատմել են բաներ, որ չի եղել»,-ասում է քահանա, որը նաև բողոքեց «Գյումրի» կենտրոնում իր կնոջ հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Հիվանդանոցում հարազատներին մոտ չեն թողել և շնչահեղձ եղող մարդու շնչառությունը կարգավորելու փոխարեն թեստավորել են` ավելի վատացնելով նրա վիճակը: Այն դեպքում, որ հարազատներին մոտ գնալ չէր կարելի, ստիպել են, որ նրանք մահից հետո սովորական հագուստով մահացածին տանեն դիահերձարան:
Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են
Կնոջ հարազատները պնդում են` իրենք մինչև վերջ կգնան ու կապացուցեն իսկությունը՝մեղավորներին արժանի պատժելու համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գյումրի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 66-ամյա կինը մահացել է: Չնայած COVID 19-ին բնորոշ ախտանիշներին, ըստ բժշկական հաստատությունների տվյալների, քաղաքացին հրաժարվել է թեստավորումից: