Ճշմարտությունը հարթելու է իր ճանապարհը. Նաղդալյանն արձագանքել է թուրքական կողմին

Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինի նիստում քննարկումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նման կերպ է մեկնաբանել Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստում հնչած հայտարարությունները։

Թուրքիայի հեղինակությունն ընկնում է. ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության հարցը

Նշենք, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նիստի ժամանակ, ըստ տարածված տեղեկատվության, «քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։

«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ։ Դրանք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` հայերիս և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունն իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին

Ժխտողականությունը, ըստ Նաղդալյանի, ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, Նաղդալյանը վստահ է, որ, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը։