Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

Ըստ դատախազության` նույն Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, կարող է խանգարել քննությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիային ասաց, որ Քոչարյանի՝ ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն դատախազությունը, այլև գործը քննող և վերաքննիչ դատարանները։

Որքա՞ն արժեն Քոչարյանի որդու և դստեր բնակարանները. դրանք կարող են գրավի առարկա դառնալ

«Դատական քննության այս փուլում զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությունը խոչընդոտելու ռիսկերը։ Կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը», - ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

«Կենսագրությանս հիման վրա բրենդ է ձևավորվել, որը չեմ խախտելու». Քոչարյանը` դատավորին