Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Ոստիկանությունը ստուգել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեղեկություններն առ այն, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մինասյանի տեղեկությունները չեն հաստատվել։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդի, ոսկու ծավալների, ինչպես և տվյալ գործարքները կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ադամանդի և ոսկու վերամշակմամբ զբաղվող արտադրամասերի, դրանց աշխատակիցների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխան գրության համաձայն՝ 2020 թվականին առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր շուրջ 15 մլրդ․ 129 մլն․ դրամ արժողությամբ 249098 կարատ ադամանդ և 7 մլրդ 492 մլն 800 հազար դրամ արժողությամբ 324 կգ ոսկի։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր շուրջ 4 մլրդ 613 մլն դրամ արժողությամբ 76073 կարատ ադամանդ և 25 մլրդ 415 մլն 800 հազար դրամ արժողությամբ 1243 կգ ոսկի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, ինչպես և հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել։

Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է

Ավելի վաղ Միքայել Մինասյանը իր ավանդական դարձած տեսանյութերից մեկում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն զբաղվում է ադամանդների ապօրինի վաճառքով։ Մինասյանի խոսքով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամ արժողությամբ ադամանդներ:Հիշեցնենք, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով, նա մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Մինասյանի գտնվելու տեղն անհայտ է։