Գագիկ Ծառուկյանի փեսային դատարանի բակում տուգանեցին

Մինչ դատարանը քննում է ԲՀԿ ղեկավարի կալանավորման միջնորդությունը, նրա փեսան դատարանի բակում տուգանվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսային` Դավիթ Մանուկյանին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում տուգանել են. Մանուկյանը լուրը հայտնեց լրագրողների հետ զրույցում։

«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա, տեղին չէ». Մարգարյան

Նշենք, որ այս պահին «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանի բակում ԲՀԿ–ական պատգամավորներն են հավաքվել։

«Մի քանի ժամ է` նույն դիմակն էի կրում։ Ուզում էի դիմակս փոխեի, և դեմքիս վրայինը հանեցի, որ նորը դնեմ։ Այդ ընթացքում էլ ինձ մոտեցան ոստիկանները` ասելով, որ վարչական տույժի եմ ենթարկվում` դիմակ չկրելու համար»,–ասաց Մանուկյանը։ Նա հավելելեց, որ որևէ խնդիր չի տեսնում և կվճարի տուգանքը, ինչպես նաև նոր դիմակ կկրի։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: