Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` վերջին շրջանում Թուրքիայի հեղինակությունը շատ է թուլացել միջազգային ասպարեզում, այդ երկիրը քննադատվում է եվրոպական պետությունների ու ԱՄՆ–ի, նույնիսկ դաշնակիցների կողմից, հետևաբար Թուրքիայի ղեկավարները փորձում են հեղինակության հետագա անկումը կասեցնել տարբեր հնարքներ բանեցնելով։
«Դրանցից մեկն էլ պայքարն է Հայոց ցեղասպանության հայկական պնդումների դեմ, քանի որ հայկական լոբբին արդյունավետորեն գործում է ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ հայկական հարցը քննարկման առարկա է դարձել Էրդողանի ստեղծած բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի ժամանակ, և այդ կառույցում ընդգրկված են Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահները»,– նշում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը։
Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիան փորձում է հերթական անգամ իրավական դաշտում պայքարել Հայոց ցեղասպանության իրողության փաստի դեմ։ Բացի դրանից, Թուրքիայում գործում է նաև մոտ 17 տարի առաջ ստեղծված մի խորհուրդ, որն ուսումնասիրում է հատուկ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված մեթոդները։ Այդ կառույցն իր աշխատանքներն է իրականացնում Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նստավայրում։
Թուրքական ուժերը ավերում են եզդիական սրբավայրերը և ստիպում կրոնափոխ լինել. եզդի պատգամավոր
Ակադեմիկոսի փոխանցմամբ` Թուրքիան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դիտարկում է իր հեղինակության անկման դրդապատճառներից մեկը և այժմ կենտրոնացել է այդ խնդրի վրա։ Թուրքիան մեծ խաղ է սկսել Մերձավոր Արևելքում, ուստի ռազմական գործողությունների ֆոնին ցանկանում է առաջ տանել նաև գաղափարական, քարոզչական պայքարը։
Սաֆրաստյանի տեղեկացմամբ` Թուրքիայի ռազմական գլխավոր շտաբի համար Հայաստանն ու Հունաստանն այսօր էլ համարվում են հնարավոր պատերազմի հիմնական ուղղությունները, ուստի պատահական չէ, որ շտաբի ակադեմիայում սկսել են ուսումնասիրել հայերենը որպես հակառակորդի լեզու։
Հակահայկական ակցիա Բեյրութում. Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը Լիբանանում