ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման արդյունքում ցանկացած մարդ, ով ունի նկարահանող հեռախոս` կդառնա կամ արդեն դարձել է տեսալսողական հարթակի արտադրող, այլ կերպ ասած՝ մարդ-հեռուսատատեսություն: ԱԺ-ում նման ֆուտուրիստական կանխատեսում արեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Ցանկացած մարդ, որը ձեռքում նկարահանող հեռախոս ունի, դառնում է տեսալսողական արտադրանքի ծառայությունների մատուցող: Մտնում է Facebook, նկար է գցում, ու տեսականորեն` 3-4 մլրդ մարդ կարող է հետևել այդ տեսալսողական արտադրությանը»,- ասաց Հակոբյանը:
Որպես օրինակ` ՀՌՀ նախագահը նշեց բլոգերներին, որոնցից շատերն այսօր իրենց հետևորդների քանակով մի քանի անգամ գերազանցում են որոշ հեռուստաընկերությունների լսարաններին:
Հարցին, թե ինչ է լինելու հետո և ուր են հասցնելու մարդկությանը տեխնոլոգիական այս հնարավորությունները, Տիգրան Հակոբյանը պատասխանեց աշխարհում ընդունված տեսակետով, որ, ի վերջո, տեխնոլոգիական զարգացումը կհանգեցնի մի կետի, երբ համացանցում ներդրված «խմբագիրը» կպահպանի այս ստանդարտները, որի շուրջ համաձայնության կգա միջազգային հանրությունը՝ միջազգային կառույցների միջոցով:
«Բայց, ինչպես մենք սովորում ենք կորոնավիրուսի պայմաններում ապրեուն, այդպես էլ պիտի սովորենք այս քաոտիկ տեղեկատվական հոսքերի մեջ ապրելուն, որովհետև ամբողջ տեղեկատվական հոսքը կարգավորել հնարավոր չէ»,- ասաց Հակոբյանը:
Արցախի ժենգյալով հացը գլխապտույտ է առաջացրել ամերիկացի բլոգերի մոտ. տեսանյութ
Հատկանշական է, որ երբ 1895 թվականին աշխարհում առաջին անգամ հնչեց Ալեքսանդր Պոպովի ռադիոընդունիչի ձայնը, մարդկությունը գուժեց տպագիր մամուլի մահը:
Իսկ երբ 20-րդ դարասկզբին մարդիկ տեսան առաջին հեռուստապատկերը, շտապեցին գուժել ռադիոյի ավարտը:
Համացանցն էլ առայժմ մարդկության կյանքից դուրս չի մղել հեռուստատեսությունը:
Ավելորդ է նշել, որ թերթերը, ռադիոն ու հեռուստատեսությունը շարունակում են գոյատևել համացանցի դարում՝ փորձելով քայլել նոր պահանջներին համաքայլ:
Տեսնելու բան չկա. ֆրանսիացի ճանապարհորդ–բլոգերը տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին