Հրաժարվել էր թեստավորվել. Գյումրիում 66–ամյա կինը մահացել է կորոնավիրուսից

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Գյումրի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 66-ամյա կինը մահացել է: Չնայած COVID 19-ին բնորոշ ախտանիշներին, քաղաքացին հրաժարվել է թեստավորումից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից։ 

Կորոնավիրուսից ապաքինվողի պատմությունը. ինչերի միջով անցավ Միհրանը. տեսանյութ

66-ամյա կինը, որն ունեցել է սրտի իշեմիկ և անօթային հիվանդություններ, դիմել է պոլիկլինիկա հունիս 8-ին: Պոլիկլինիկայում իրականացրել են ռենգենոգրաֆիա, որի արդյունքում հաստատվել է երկկողմանի թոքաբորբ: Տեսնելով կորոնավիրուսի ախտանիշներ` պոլիկլինիկայում  առաջարկել են թեստավորում, սակայն ամուսինը հրաժարվել է` ասելով, որ իրենք բուժումը կշարունակեն տանը՝ առանց թեստավորման: 3 օր տանը մեկուսացված հիվանդը կատարել է բժշկի նշանակումները, սակայն ապարդյուն, կրկին վիճակը վատացել է։ Թեստավորման 2–րդ առաջարկն էլ է գրավոր մերժվել, որից հետո հունիս 15-ին ծայրահեղ ծանր վիճակում կնոջը տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Կենտրոնում, կրկին կասկածելով կորոնավիրուս, թեստավորել են, սակայն մինչ դրական պատասխանը կստացվեր, հիվանդը մահացել է: «Սա էլ որերոդ դեպքն է, երբ չթեստավորված հիվանդներն ուղղորդվում են կենտրոն, արդյունքում ոչ միայն իրենց համար է անդառնալի կորուստ գրանցվում, այլ նաև մեր բուժանձնակազմն է վտանգի առաջ կանգնում»,-ասում է կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Կորոնավիրուսից մահվան ևս 9 դեպք է գրանցվել. 6-ը կանայք են

Նշենք, որ «Գյումրի» ԲԿ-ն, չհանդիսանալով COVID հիվանդներին բուժելու մասնագիտացված կենտրոն և լինելով մարզում ամենամեծ հիվանդանոցը` սպասարկում է անհետաձգելի դեպքերը: Չթեստավորված, բայց հիվանդության բոլոր ախտանիշներն ունեցող հիվանդները վերջին օրերին ավելի հաճախ են ուղղորդվում ԲԿ՝ արդյունքում վտանգվում է բուժանձնակազմի առողջությունը: «Չնայած բոլոր պաշտպանիչ քայլերը ձեռնարկված են, բայց այս պարագայում, երբ չթեստավորված հիվանդները տեղափխվում են կենտրոն ու  մնում այստեղ մինչև թեստավորվելը, մենք լուրջ խնդիրներ ենք ունենում: Նման տեմպերովոր գնա, էլ բժիշկ չի լինի»,-նշեց հիվանդանոցի տնօրենը: Ի դեպ, հիվանդանոցի 17 բուժաշխատակցի մոտ թեստավորման արդյունքները դրական են, բուժանձնակազմից 20-ը մեկուսացված են:

Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ հարկադիր բուժումը կամ որևէ պրոցեդուրայի հարկադիր անցկացումը արգելվում է: Նույնիսկ արտակարգ դրության և համաճարակի պայմաններում հարկադիր թեստավորում չի կարող անցկացվել, եթե հիվանդը դեմ է։ Պացիենտին խորհուրդ է տրվում գնալ ինքնամեկուսացման, սակայն, եթե թեստի պատասխանը դրական չէ, դա նույնպես պարտադիր չի համարվում։

Հիվանդի կամ նրա հարազատների բուժումից կամ թեստավորումից գրավոր հրաժարվելու դեպքում պետությունը չի կարող որևևէ բան ձեռնարկել: Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության Sputnik Արմենիայի աղբյուրը, թետստավորումից հրաժարվում են որոշ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «չիպավորման» տեսության հետևորդները: Հայաստանի և այլ երկրների առողջապահության նախարարությունները բազմիցս այդ տեսությունն անհեթեթ են անվանել, սակայն դրա կողմնակիցները քիչ չեն սոցցանցերում ։

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի մասին

Հավելենք, որ հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 14 դեպք։