ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik.Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործերն այնքան էլ լավ չեն։
ԱԺ–ն երեկ որոշեց նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը: ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցված է 3 քրեական գործ: Նշենք, որ դատարանն այսօր քննեց Ծառուկյանին կալանավորելու հարցը, որն ամենայն հավանականությամբ կորոշվի վաղը։
«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը
Սոցցանցերի հայկական տիրույթում շատ բուռն արձագանքեցին Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձություններին։ Համացանցը ողողվեց նաև զվարճալի մեմերով։
Ճանաչված դերասան Նիկոլաս Քեյջի կիսազարմացած-կիսաժպիտով դեմքը դարձավ ամենատարածվող մեմերից մեկը, ինչը նշանակում էր, որ Ծառուկյանի` բիզնեսներ ունենալու հանգամանքը ոչ մեկի համար նորություն չէր։
«ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, չմուծված հարկերի, ապօրինի խաղատներ ունենալու մեջ: Չէ, լո՞ւրջ», - գրում են օգտատերերը:
Մեկ այլ մեմում ճանաչված մուլտհերոս Թոմն է, որն անճարությունից ձեռքերը պարզել ու չի կարողանում ասել, թե այդ որտեղից ԱԱԾ-ն գտավ այդ «դժվար» հայտնաբերվող ապացույցները։
-Ինչպե՞ս դուք Ծառուկյանի դեմ ապացույցներ գտաք։
-Մենք չէինք էլ փնտրում, միամիտ գտանք։
Հաջորդ մեմի գլխավոր հերոսները 3 առյուծներն են։ Օգտատերերը հիշեցնում են, որ նրանք Ծառուկյանի ամենասիրելի կենդանիներն են, որոնց գործարարը պահում է իր առանձնատանը։
Օգտատերերի չեն շրջանցել նաև Ծառուկյանի այն հայտարարությունը, որ նրա դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են: Հերթական մեմը ցուցադրում է, թե ինչպես է մեկն իր հեծանիվի անիվների արանքում երկաթե ձող մտցնում, իսկ երբ ընկնում է, հայտարարում է, թե դա հետապնդում է։
Օգտատերերը չեն մոռացել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և «հավատարմության նամակների» թեման։
Հերթական մեմում հայտնի մուլտհերոսը ցույց է տալիս Ծառուկյանի անձեռնմխելիության թուղթն ու հետո այրում այն։
ԲՀԿ առաջնորդի կողմնակիցների բողոքի ցույցերը ևս չեն վրիպել օգտատերերի աչքից։ Նրանք ԲՀԿ անդամներից մեկին նկարել են մայթին նստած ու ֆոտոշոփի միջոցով ստեղծել պատկեր, իբր աջակիցը ծովի ափին է նստած։
«Եթե ծովը չի գնում Մուհամմեդի մոտ, ուրեմն մենք Մուհամմեդին կմոտեցնենք»,-կատակել են նրանք։
Օգտատերերից մեկն էլ անհանգստացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար, որը ստիպված պետք է տեսնի, թե ինչպես են ցուցարարները խախտում հակահամաճարակային կանոնները։
«Հուսանք` Թորոսյանը չի հետևում ԲՀԿ-ի բողոքի ցույցերին», - գրել է նա:
Իսկ ամենավերջում ներկայացնում ենք մի տեսագրություն, որում Ծառուկյանը լրագրողին հարցնում է. «Հեղափոխությունից հետո քո կյանքում ինչ-որ բան փոխվե՞լ է»: