Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի երեկոյան

ԲՀԿ–ն, Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պարագայում, խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի– Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում լուրը հայտնեց  Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը։  

Դատական նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

ԲՀԿ–ն կդիմի Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան

«Ինչ վերաբերում է խմբակցության աշխատանքներին, ապա ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և ծրագրով, որը նախանշվել է»,–ասաց Տոնոյանը։

Հարցին, թե արդյո՞ք խմբակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն կլինի, եթե դատարանը որոշի կալանավորել Ծառուկյանին` Տոնոյանը հայտնեց, որ նման հարց չի քննարկվում։ Նրա խոսքով`  բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում։ ԲՀԿ–ական պատգամավորը վստահեցրեց` շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:

ԲՀԿ–ն բոյկոտեց ԱԺ նիստը. պատգամավորները լքեցին դահլիճը

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: