ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մինչ օրս կորոնավիրուսի միայն մեկ դեպք է գրանցվել: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Վարակված դատապարտյալը, նախարարի խոսքով, տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում նախապես այդ հիվանդության համար առանձնացված բաժանմունքում:
«Արդեն բավական երկար ժամանակ է անցել: Նույն քրեակատարողական հիմնարկում Rapid-թեստերով հետազոտություններ են արվել, և պարզվել է, որ վարակի որևէ տարածում չի եղել»,- ասաց Բադասյանը:
Վարակի հնարավոր մուտքը ՔԿՀ-ներ կանխելու նպատակով տեսակցությունների արգելքը դեռ գործում է: Նախարարի խոսքով` բոլոր ՔԿՀ-ներն ապահովված են էլեկտրոնային միջոցներով, և կալանավորները կարող են իրենց հարազատների հետ շփվել տեսակապով:
Հանդիպումների բացառությունները գործում են բացառապես փաստաբանների հետ հանդիպումների համար:
Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 544–ով և դարձել 18 033։