ԱԺ նախկին պատգամավորն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել

Դատարանն արձանագրել է, որ ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը և այն ճանաչել ոչ իրավաչափ: Հետևաբար Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել:Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։

«Մեզ հայտնի դարձավ` դեռևս Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում: Ասել է թե դատարանն արձանագրել է` ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Մանուկյանի ձերբակալումը»,– գրում է կայքը` նշելով, որ Մանուկյանն անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորի ձերբակալության մասին հայտնի էր դարձել այսօր։

Մանուկյանը 2003 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականի նոյեմբերին։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից։