ԱԺ–ն անցավ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը

Ազգային ժողովի պատգամավորները հիմա գլխավոր դատախազի` Ծառուկյանին առնչվող մեկ այլ միջնորդության հարցով են քվեարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ազգային ժողովը քննարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Ծառուկյանն այս միջնորդությունը քննարկելու ժամանակ ելույթի հնարավորություն ուներ, բայց նա այս պահին հարցաքննվում է ԱԱԾ–ում։

«Այս ընթացքում կապ եմ հաստատել ԱԱԾ–ի հետ, և պարզվել է` Ծառուկյանին առաջարկել են ուղեկցել խորհրդարան, սակայն նա հրաժարվել է այս իրավունքի իրացումից»,–ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Դրանից հետո հայտարարվեց, որ 17։05-17։50 խորհրդարանը փակ քվեարկությամբ կորոշի Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցը։ ԱԺ պատգամավորներն անցան քվեարկելու։

Նշենք, որ Ծառուկյանն արդեն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

Բերման ենթարկվածների թիվն ավելացել է. Ծառուկյանի աջակիցներից 154–ը ոստիկանությունում են

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Վերմիշյանի գործով խուզարկության ժամանակ Ծառուկյանին առնչվող փաստաթղթեր են գտել

Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ինքը ՝ Ծառուկյանը, իշխանությունների գործողությունները համարում է քաղաքական հետապնդում:

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում