Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գրառում է արել

ՀՀ վարչապետը հրապարակել է Ազգային անվտանգության ծառայության աղմկահարույց տեսանյութը և նշել, որ բոլորը հավասար են օրենքի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հրապարակել է ԱԱԾ–ի երեկվա տեսանյութերից մեկը, որում երևում է, թե իրավապահներն ինչ գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։

«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու և այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախատեսված արդյունքի: Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»,– տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Ազգային ժողովի այսօրվա նիստում գլխավոր դատախազը հանդես կգա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններով։

Ներքաղաքական «դրամա». ինչ հետևանքներ կունենա իշխանություն–Ծառուկյան հակամարտությունը

Նշենք, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված Ազգային ժողովի համաձայնության։ Պատգամավորի անձեռնմխելիությունը տարածվում է իրեն պատկանող գույքի և ծառայողական աշխատասենյակի վրա։

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը պատրաստվում են խուզարկել

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։

«Ծառուկյանի հարցում իշխանությունը կրկնում է Սերժ Սարգսյանի գործելաոճը». Անտինյան

Ըստ ԳԴ–ի` կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։

Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության: Նրա աջակիցները հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

«Հիմա դրա ժամանակը չէր»–ից մինչև «շատ լավ են արել». քաղաքացիները` Ծառուկյանի գործի մասին

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:

Այսպես՝ առաջին քրեական գործը վերաբերում է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեությանը, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:

Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: