ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Facebook–ի իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի` չկատարելու քաղաքական պատվեր»,–գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
Ծառուկյանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք նաև, որ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց վերջինիս նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված քրեական գործերը:
Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:
Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:
Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ