Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Էմին Խաչատրյանը վստահեցնում է, որ ԱԱԾ–ում հարգալից վերաբերմունք է ցուցաբերվել, Ծառուկյանն էլ որևէ մեկի հետ չի առերեսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեք քրեական գործերից որևէ մեկով չի հարցաքննվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Նա հարցաքննվել է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Ժամը չեմ ֆիքսել, թե որքան է տևել հարցաքննությունը, բայց մեզ օրենքով սահմանված կարգով տրամադրվել է ընդմիջում։ Կային որոշակի հարցադրումներ, որոնց կապակցությամբ հնչեցրինք սպառիչ պատասխաններ։ Առերեսման որևէ խնդիր չի եղել, ուստի պարոն Ծառուկյանը հարցաքննության ժամանակ որևէ մեկի, այդ թվում Իշխան Զաքարյանի հետ չի առերեսվել»,– նշեց նա։

Խաչատրյանը չի կարծում, որ ԱԱԾ–ում հարցաքննության ժամանակ կարող էին որևէ անհարմարություն պատճառել ԲՀԿ առաջնորդին, քանի որ դա փաստաբանական խմբի կողմից տեղում կարժանանար հստակ իրավական գնահատականի։ Ըստ Խաչատրյանի` ԱԱԾ քննիչները հարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

Թանկարժեք մեքենաներ ու առյուծներ. ԱԱԾ–ն հրապարակել է Ծառուկյանի տան խուզարկության կադրերը

«Դեռ չի հաղթահարվել անձեռնմխելիության հետ կապված արգելքը, մինչդեռ արդեն բացահայտ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում` չնայած հարցերն ավելի շատ ենթադրությունների մակարդակում էին։ Այդուհանդերձ պարոն Ծառուկյանը բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխան»,– նշեց փաստաբանը։

Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները». տեսանյութ

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի տանը տեղի ունեցած խուզարկությանը` Խաչատրյանը վստահեցրեց, որ առգրավված մի քանի փաստաթղթերն իրենց կողմից նշված քրեական գործերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկություն չեն պարունակում։ Առգրավվել է նաև Ծառուկյանի կրտսեր որդու համակարգիչը։ Ըստ խաչատրյանի` երբ պարզ կդառնա, որ այն նույնպես արժեքավոր տեղեկություն չի պարունակում, անպայման կվերադարձվի։

«Պարոն Ծառուկյանն իր դեմ հարուցված քրեական երեք գործերի վերաբերյալ տեղեկությունն իմացել է երեկ վաղ առավոտյան, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են իր բնակության վայր ու կատարել խուզարկություն։ Հետո այդ ամենի մասին իմացել է որոշումներին ծանոթանալով և հաղորդագրություններին հետևելով։ Պարոն Ծառուկյանն ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում պետք է որևէ բան իմանար հարուցված քրեական գործերի մասին, եթե նա որևէ կարգավիճակ չի ունեցել, հետևաբար ստացվում է այնպես, որ պարոն Ծառուկյանին պատահականորեն հասանելի է դարձել նրանց նախաքննական գաղտնիքները»,– նշում է փաստաբանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդելու է ԱԺ–ին, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեն Ծառուկյանին` Խաչատրյանը նշեց, որ համացանցում տարածվում են իրարամերժ տեղեկություններ, ինքը կարդացել է գլխավոր դատախազի օգնականի հարցազրույցը, որը ներկայացրել է հավասարակշռված տեսակետներ։ Փաստաբանը համոզված է, որ չկա այն իրավական հիմքը, ապացույցների բազան, որ այս պահին այդ ամենի հիման վրա դիմեն ԱԺ–ին և հանդես գան նման միջնորդությամբ։

Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբի» հետ. ընկերության պարզաբանումը

«Ծառուկյանի նկատմամբ այս պահին իրականացվում է բացահայտ քրեական հետապնդում, մեզ առայժմ տրվել են խուզարկության արձանագրությունները, ծանոթացել ենք խուզարկության որոշումներին, սակայն այդ ինֆորմացիան բավարար չէ, ուստի դիմել ենք խուզարկությունների թույլատվությամբ հանդես եկած դատարաններին, որպեսզի այդտեղից էլ ստանանք փաստաթղթերը։ Բացի դրանից, դիմել ենք նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտին, որպեսզի մեզ տրամադրեն քրեական գործեր հարուցելու որոշման պատճենները»,– նշեց փաստաբանը։

Խաչատրյանի խոսքով` Ծառուկյանը վերոհիշյալ երեք քրեական գործերով չի հարցաքննվել, ուստի պարզ չէ նաև նրա կարգավիճակը։ Ըստ փաստաբանի` եթե անհրաժեշտություն առաջանա, որ այդ երեք քրեական գործերից որևէ մեկով Ծառուկյանը հարցաքննվի, նա որպես պարտաճանաչ և օրինապաշտ քաղաքացի անպայման կներկայանա և կհնչեցնի հետաքրքրող հարցերի պատասխանները։

Այն, ինչ եղել է իմ ելույթից հետո, ընդունում եմ որպես քաղաքական. Ծառուկյան

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

Նրա աջակիցները հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին

Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:

Այսպես՝ առաջին քրեական գործը վերաբերում է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեությանը, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:

Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին:

Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում չկա. ՀՀ գլխավոր դատախազություն