Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հոգու խորքում մի թույլ հույս է ունեցել, որ իր ելույթում հնչեցրած խնդիրները իշխանությունը կընկալի որպես ահազանգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել Facebook–ում։

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն եղել իմ ընտրողը, գուցե եղել են նաև իմ ընդդիմախոսը, բայց տեսնելով դրսևորված անարդարությունը, կատարվածի պարզունակ քաղաքական պատվերը՝ չլռեցին և իրենց վրդովմունքն արտահայտեցին։ Կատարվածն իսկապես շատ տգեղ է, որը կարճ կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»,– գրել է նա։

Ծառուկյանը գիտի` ինչու է իշխանությունը նման քայլի դիմում։ Նրա խոսքով` պատասխանը շատ պարզ է։

«Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։ Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով»,– նշել է ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը համոզված է, որ իր դեմ իրավապահների արշավը, քրեական գործերի հարուցումը սկսվել են օրեր առաջ՝ իր հայտնի ելույթից հետո։

«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին

«Անկեղծ ասած՝ ինձ համար դա սպասելի էր։ Բայց հոգուս խորքում ես ունեի մի թույլ հույս, թե իշխանությունը իմ ելույթում հնչեցրած խնդիրները կընկալի որպես ահազանգ, կընկալի որպես երկրի տնտեսական վիճակից քաջատեղյակ մարդու զգուշացում, կընդունի իր ակնհայտ սխալները և կփորձի բոլոր ուժերի համախմբմամբ գտնել լուծումներ։Ես շնորհակալ եմ քաղաքական և հանրային շրջանակներից հնչեցրած աջակցության բոլոր ուղերձների համար։ Սա իմ մասնավոր խնդիրը չէ. սա մեր բոլորի ընտրությունն է։ Ընտրությունը պարզ է. գնալ երկրի խնդիրները գրագետ և համատեղ ուժերով լուծելու ճանապարհով, կամ գնալ այդ խնդիրների մասին խոսողներին ահաբեկելու ճանապարհով։ Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի»,– գրել է նա։

ԲՀԿ նախագահը դիմել է քաղաքացիներին, հորդորել է չընկճվել ու չհուսահատվել։

«Ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար։ Ես այսօր ունեմ ընդամենը մեկ ցանկություն. Ես ուզում եմ, որ մեր երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ։ Վերջապես մեր երկիրը պետք է հանդարտվի»,–շեշտել է Ծառուկյանը։

Թաթոյանն ամփոփիչ հայտարարություն է արել Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին

Վերջում նա բոլորին խնդրել է պահպանել վստահությունը, կամքն ու հակահամաճարակային բոլոր կանոնները։ «Ձեր առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

Նրա աջակիցները հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:

Այսպես՝ առաջին քրեական գործը վերաբերում է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեությանը, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:

Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին:

Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծառուկյանի հարցաքննությունն ու բողոքի ակցիաները՝ լուսանկարներով