Բիզնեսից ավել գումարներ հավաքելուց կձերբազատվեն. փոփոխություն «Հարկային օրենսգրքում»

Ֆինանսների փոխնախարարը պատգամավորներին հայտնեց`ինչու է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հրատապ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր 7650 հարկ վճարողներ պարտավոր են կատարել շահութահարկի կանխավճարներ, սակայն նրանցից միայն 700–ն է օգտվել այս հնարավորությունից, ինչի համար էլ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է մշակվել։ Նախագիծն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստին:

Օրենքում կատարված փոփոխություններն արդյունք են տվել. հարկային եկամուտներն ավելացել են

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով ԱԱՀ վճարող տնտեսվարողների համար նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն։

«Այդ կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով` հիմք է ընդունվում կամ նախորդ տարվա շահութահարկի 20 տոկոսը, իսկ եթե հարկ վճարողն ընտրել է շահութահարկի կանխավճարների վճարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի համար ներկայացված ԱԱՀ հաշվարկներով արտացոլված հարկման բազայի 2 տոկոսն է հիմք ընդունվում»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` խնդիրն այն է, որ շահութահարկի կանխավճարների այլընտրանքի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը։ Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ շահութահարկ վճարողների մինչև 10 տոկոսն է որոշում կայացրել օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից, քանի որ ընթացիկ տարին տնտեսական ակտիվությամբ աչքի չի ընկել։

Ուստի, օրենքի փոփոխությամբ առաջարկվում է, որ շահութահարկի կանխավճարները կատարվեն պահին առկա տնտեսական ակտիվությանը կամ, առհասարակ, տնտեսական գործունեության միջավայրին համապատասխանող չափով։

«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան

Փոփոխությունները, ըստ փոխնախարարի, տնտեսվարողներին հնարավորություն կընձեռեն տարվա ընթացքում կատարել այն չափով կանխավճարներ, որոնք առավելագույնս մոտ կլինեն տարվա արդյունքներով վերջնահաշվարկում ձևավորվող շահութահարկի պարտավորությանը։ «Ըստ էության, մենք կձերբազատվենք բիզնեսից չհիմնավորված ու ավել չափով գումարներ հավաքելու պրակտիկայից։ Ինչպես նաև չենք ունենա պարտավորություն տարին ավարտելուց հետո անհամաչափ մեծ գումարներ վերադարձնել բիզնեսին»,–ասաց Պողոսյանը։

Նշենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ 94 կողմ ձայներով ընդունվեց։ Երկրորդ ընթերցումը կլինի վաղը։