Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտումը. Միրզոյան

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հեռավար նիստում Արարատ Միրզոյանն անդրադարձել է համաշխարհային հումանիտար ճգնաժամի օրերին խաղաղ բնակչության վրա կրակելու ադրբեջանական սադրիչ քաղաքականությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Արարատ Միրզոյանը Facebook-ում հրապարակած հաղորդագրության մեջ հայտնում է, որ նիստի ընթացքում իր ելույթում անդրադարձել է համաշխարհային համավարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողությունների:

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա: Կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք, Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից»,- ասել է Միրզոյանը:

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, ուստի հայկական կողմն ակնկալում է դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով:

Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ պաշտոնական տեղեկություններով՝ անցած շաաբաթ՝ հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն արցախա-ադրբեջանական շփման գոտում շուրջ 95 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 900 կրակոց:

Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել էր շուրջ 100 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց։

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները առցանց հանդիպում կանցկացնեն