Երևանի փոխոստիկանապետը մեկնաբանել է, թե ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին

Ծառուկյանը հարցաքննությունից դեռ դուրս չի եկել: ԱԱԾ-ի մոտ հավաքված կուսակիցներն ու համակիրները շարունակում են սպասել նրան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ԱԱԾ շենքի մոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիները անօրինական հավաքի մասնակիցներ են:

«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց

«Արտակարգ դրության ժամանակ, գիտեք` հավաքներ չեն թույլատրվում: Մենք բազմիցս բարձրախոսով հայտարարել ենք: Ամեն բերման ենթարկելիս, եթե ուշադիր եք եղել, մենք քաղաքացիներին հորդորում ենք՝ դադարեցրել և գնացել, ու ողջամիտ ժամանակ ենք տալիս, որպեսզի հեռանան: Այսինքն՝ ոստիկանության նպատակը բերման ենթարկելը չէ»,- ասաց Խուդինյանը:

Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների մեջ կան այնպիսիք, որոնց ոստիկանությունը ստիպված է եղել երկրորդ անգամ բերման ենթարկել, քանի որ ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո նրանք դարձյալ վերադարձել են ԱԱԾ շենքի մոտ:

Երևանի փոխոստիկանապետը նշեց նաև, որ ոստիկանությունը ԲՀԿ ղեկավարներին էլ է հորդորել իրենց կողմնակիցներին կոչ անել՝ չհավաքվել, բայց անարդյունք:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածների ընդհանուր թվին՝ ոստիկանության գնդապետը գերադասեց այն չհրապարակել՝ խուսափելով սխալվելու հավանականությունից:

Նշենք, որ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ շուրջ 4 ժամ առաջ, բերման նթարկվածների թիվն ավելի քան 100 էր: Դրանից հետո, սակայն, բերման ենթարկելու գործողությունները նույն ինտենսիվությամբ շարունակվեցին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարություն է տարածել Ծառուկյանի մասին

Այս պահին էլ ՀՀ ոստիկանությոսւնը շարունակում է բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքված Գագիկ Ծառուկյանի համակիրներին ու քաղաքական ակտիվիստներին:

Օրվա ըբթացքում բերման են ենթարկվել նաև բողոքի ակցիային մասնակցող Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Անօրինական գործարքներ Առինջ գյուղում. ԱԱԾ-ն Ծառուկյանի դեմ երրորդ քրգործն է հարուցել

Նրա աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Նշենք նաև, որ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց վերջինիս նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված քրեական գործերը: Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծառուկյանը հարցաքննությունից դեռ դուրս չի եկել: ԱԱԾ-ի մոտ հավաքված կուսակիցներն ու համակիրները շարունակում են սպասել նրան:

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում չկա. ՀՀ գլխավոր դատախազություն