ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի տարելիցի կապակցությամբ

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ոճրագործությունները` Հայաստանն աջակցում է Արցախի օրինական պահանջներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքներում իրականացված էթնիկ զտումները և ադրբեջանցիներով այդ տարածքների հաջորդական վերաբնակեցումն այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լավագույն տարբերակ: ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է`այս իրողությունն առավել ևս ընդգծում են այն անվտանգության վտանգները, որոնց ենթարկվում է այսօր Արցախի ժողովուրդը:

Շահումյանցիների խնդիրն ամենալուրջ ձևով պետք է դրվի բանակցությունների առանցքում. Մեղրյան

Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը:

«Խստորեն դատապարտելով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները՝ մենք աջակցում ենք Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջները»,-ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Նշենք, որ ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից:

«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները