ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է։ 27 տարի առաջ հունիսի 12-ին Մոնթեն զոհվեց Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում հայտնել է, որ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է «Մոնթե» անվանակոչված դիրք:
Ստեփանյանը նախարարի այցից լուսանկարներ է հրապարակել և դրանց կից գրառում կատարել.
«Հայացք «Մոնթե» դիրքից, վիրուսազերծ միջավայրից»։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը «Մոնթե» անվանակոչված դիրքում զինծառայողների հետ զրույցում նշել է, որ Մոնթեն յուրաքանչյուր զինծառայողի հոգում է` որպես լեգենդ, որպես երդում, որպես պատգամ, որպես անավարտ կռիվ։
1957 թվականին Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում ապրող Ցեղասպանությունը վերապրած ընտանիքում է ծնվել Մոնթեն:
Նա առաջին անգամ Հայաստան է այցելել 1990 թվականին: Մոտ մեկ տարի նա զբաղվել է գիտական աշխատանքով, հետո, իմանալով Շահումյանում լարված դրության մասին, «Ավո» կեղծանվամբ մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս:
Ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից էր Օմարի լեռնանցքի նվաճումը։
1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Հասարակ ժողովրդից մինչև զինվոր ու հրամանատար սիրում էին Մոնթեին: Տեղեկություն կա, որ մարտունեցիները չէին թողնում Մոնթեի դին այնտեղից տանեն. Մոնթեն նրանցն էր:
Մոնթեի բարդ կյանքն ու միակ սերը. ինչպես նա ճանաչեց իր արմատներն ու հայտնվեց Արցախում