Քոչարյանի տեսակցություններին առնչվող հայցը վարույթ չի ընդունվել. Ալումյանը չի զարմացել

Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանին տեղեկացրել էր, որ տեսակցությունների սահմանափակմանն առնչվող հայցը վարչական դատարանը կարող է չընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վարչական դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության վարույթ չընդունել։

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն է

Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։ Իսկ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է` որպես հիմք ասելով, որ տվյալ դեպքում, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի գործողությունների դեմ բողոքները ենթակա են քննության քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ օրենքն այդ հարցը լավ չի կարգավորում, այսինքն` ընդհանրապես չի կարգավորում։

«Եթե վարչական դատարանն այդպես է ճիշտ համարել, մենք էլ քրեադատավարական ընթացակարգով կփորձենք այդ հարցը լուծել, քանի որ օրենքն այդ ոլորտը լավ չի կարգավորում»,–ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` քրեադատավարական ընթացակարգով հարցին լուծում տալն ավելի ձեռնտու է իրենց, քանի որ վարչական դատավարության կարգով քննվող գործերը բավական երկար են տևում։

Պաշտպանը նշեց նաև, որ հայց ներկայացնելիս էլ Քոչարյանին ասել է, որ հնարավոր է` վարչական դատարանը մերժի հայցի ընդունումը։ Ուստի, ըստ Ալումյանի, որոշումն իրենց համար անսպասելի չէր, և այս տարբերակը նույնպես հաշվի են առել։

Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին ԲԿ-ում թողնելու որոշումը

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց էր ընտրվել  կալանավորումը։