Պետք չէ իմ սխալները կրկնել, սիրելի՛ քաղաքացիներ. Փաշինյան

Թեև հանրության ուշադրությունը կենտրոնացած է առողջապահական համակարգի վրա, բայց վարչապետի համոզմամբ` կորոնավիրուսի համավարակը Հայաստանում այլ արմատներ ունի. մեր պրոբլեմը մեր «բեսեդկաներում» է, մեր թաղերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարությունը չի կողմնորոշվում՝ որքանով հանգստացնել մարդկանց ու որքանով խուճապ տարածել: Այսօր ԱԺ-ի հատուկ նիստում նման դիտարկում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ մենք շատ էմոցիոնալ ենք, մեր հանդարտությունն էլ է շատ ծայրահեղ, մեր խուճապն էլ է շատ ծայրահեղ: Այսօր էլ Հայաստանում դեռ կան մարդիկ, որ խոսում են այն մասին, թե այս վարակը սարքած է, բլեֆ է, սուտ է»,- ասաց Փաշինյանը:

Քանի որ խնդիրը առողջապահական է, հանրության ուշադրությունը կենտրոնացած է առողջապահական համակարգի վրա, բայց վարչապետի համոզմամբ` կորոնավիրուսի համավարակը Հայաստանում այլ արմատներ ունի:

«Մեր պրոբլեմը մեր բեսեդկաներում է, մեր պրոբլեմը մեր թաղերում է, մեր տներում է, մեր այգիներում է: Այսօր առավոտյան ես աշխատանքի եմ գնում ու մեքենայի պատուհանից նայում եմ՝ Պռոշյան փողոցում երեք 40-50 տարեկան տղամարդ, համարյա փոր փորի տված, իրար հետ զրուցում են՝ դիմակները դնչի տակ»,- ասաց Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ դիմակը նման մարդկանց գիտակցությամբ ոչ թե վարակից, այլ ոստիկաններից պաշտպանվելու համար է:

14 օր անցել է` ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ աշխատակազմի ղեկավարը չեն վարակվել. Փաշինյան

Վարչապետը չհերքեց, որ ՀՀ քաղաքացիներին հատուկ հոգեբանական սխալները կենտրոնացած են նաև իր մեջ, ինչի ապացույցը իր վարակվելն էր:

«Այսինքն՝ ինչ որ ասում եմ, վերաբերում է նաև ինձ, բայց պետք չէ իմ սխալները կրկնել, սիրելի՛ քաղաքացիներ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն։

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, 5639 մարդ առողջացել է, 258-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 612–ով, առողջացածներինը` 173–ով։